09/12/2021 19:54
Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա տուրքով
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել: Տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է պետական տուրք, իսկ հստակ ժամկետներով գործունեություն իրականացնելու համար` մեկանգամյա տուրք` գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար: Արմեն Սիմոնյանի խոսքով` նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ մրցութային կարգերով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով:
Առաջարկվող կարգավորմամբ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Երթուղու սպասարկման տարեկան տուրքը չվճարելն այլևս երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք չի լինի: Մրցութային կարգով սպասարկում իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունն օրենսդրական փոփոխությունից հետո 10 տարվա համար մեկ անգամ կվճարի 100,000 դրամ: