09/12/2021 13:20
Իշխանությունը փորձում է սրբագրել իր որոշումները, հրամանները․ ԶՈՒ-ում թիրախներ են նշանակվում, որոնց վրա հետագայում «ջարդվելու» են գործեր․ պատգամավոր (Տեսանյութ)
«Իշխանությունը փորձում է քողարկել գլխավոր խնդիրը․ այն, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին տրվել են տարածքներ, որոնք այս իշխանությունը որևէ ձևով իրավունք չուներ հանձնելու։ Դրանք այս կամ այն օղակի զինծառայողների վրա բարդելը տրամաբանական չէ»,- ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան կամ այլ օղակի զինվորականներին նոր մեղադրանքներ առաջադրելու իշխանության մոտեցմանը։
Իշխանությունն, ըստ պատգամավորի, իրականում ունի ցանկ, որտեղ ներառված են զինվորականներ, նաև տարբեր քաղաքական գործիչներ և, ըստ նպատակահարմարության, այս կամ այն ժամանակահատվածում «օգտվում» է այդ ցանկից։
«Օրինակ՝ եղել են դրվագներ, երբ իշխանությունը, հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այսինչն այսինչ ճակատից փախել է։ Հետո քրեական գործեր են հարուցվել, ապա՝ կարճվել, այսինքն, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածել։ Դա միայն ապատեղեկատվություն չէ, նաև զրպարտություն է և պետք է ակնկալել, որ 44-օրյա պատերազմի, դրա հետ առնչվող, նաև դրան հետևած գործընթացներն այս իշխանության կողմից լայնորեն օգտագործվելու են, ապօրինություններ են տեղի ունենալու նախապես նշանակված «մեղադրյալների» նկատմամբ»,- ասաց Աբրահամյանը։
ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Արցախ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունները, ըստ պատգամավորի, նույն տրամաբանության շրջանակում են։
«Սամվել Բաբայանն, ըստ էության, հաղորդում է տվել հանցագործության մասին։ Ակնհայտ է, որ ԶՈՒ ԳՇ-ում, բանակում կամ անվտանգության մյուս կառույցներում նման կեղծումների, խմբագրումների հնարավորություն ունի միայն իշխանությունը, նաև ակնհայտ է, որ սրա հասցեատերն իշխանությունն է։ Ստացվում է, որ իշխանությունը, 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելուց կամ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործեր հարուցելուց առաջ, փաստորեն, փորձում է վերախմբագրել կամ սրբագրել որոշումներ, հրամաններ, ինչի նպատակն է այդ իրադարձությունների գլխավոր պատասխանատվությունը փորձել բարդել ԶՈՒ-ի վրա, տարբեր օղակների վրա, կոնկրետ նախկին և ներկա զինվորականների վրա, փախչել պատասխանատվությունից, ցույց տալ՝ իբրև ինչ մեղք ուներ «խեղճ» իշխանությունը։ ԶՈՒ-ում թիրախներ են նշանակում, որոնց վրա հետագայում ջարդվելու են գործեր»,- ընդգծեց Աբրահամյանը։