09/12/2021 19:23
Գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումն Ալեն Սիմոնյանի հետ անցել է նյարդային մթնոլորտում, թիկնապահների ուղեկցությամբ. Արսեն Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել
Երկու օր տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ընդունել է գերիների և անհետ կորած զինծառայողների 10 հարազատներին։ Հանդիպումից հետո Սիմոնյանը բովանդակային մասով տեղեկություն չէր հաղորդել, միայն շնորհակալություն էր հայտնել հարազատներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց՝ ԱԺ նախագահը միտումնավոր է նման գրառում արել։
«Հատուկ էր գրել, որ մեզ բոլորի առաջ այն վիճակում դնի, որ մենք հերթական անգամ մտանք, ինքը հերթական անգամ փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, գնաց, բայց այդպես չէ։ Ես միայն իմ անունից եմ ասում՝ ինքը ներողություն է խնդրել, ես իր երեսին ասել եմ՝ «քո ներողությունը չեմ ընդունում»։ Ասել եմ, որ դա այն հարցը չէ, որ ներողություն խնդրի ու վերջ»։
Ղուկասյանի փոխանցմամբ՝ հարազատների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը կրկին նշել է, որ տարածված սկանդալային տեսանյութը մոնտաժված է, տողեր են առանձնացվել, իմաստը լրիրվ փոխվել է։
«Դա, իհարկե, էլ ԱԺ չէ, ախ է։ Նախ՝ եթե ինքը էդքան ճիշտ տղա է՝ զապիսը գնում էր, վիդեո նկարվել է, թող հրապարակի, ինչո՞ւ չի հրապարակում։ Ինքը ասաց «Իսկ դուք գիտե՞ք, որ վերադարձած գերիներից հինգ հոգու վրա քրեական գործ է հարուցված»։ Ի՞նչ կապ ունի իր ասածը։ Հարց չկա, թող քննեն, մեղավոր են՝ դատեն, ես չեմ արդարացնում ոչ ոքի։ Եթե կքննեն, որ զենքը վայր են դրել, վախեցել են, հանձնվել են, դա իր ասելունը չէ, իր աչքերին նայելով ասել եմ, որ դա իր իրավունքը չէ, քննչական մարմինների գործողություններն են»։
Ղուկասյանը նշեց, որ հանդիպման ընթացքում Սիմոնյանին ուղղված հարցին՝ արդյոք ասե՞լ է, որ գերի չունենք, ԱԺ նախագահը դրական է պատասխանել։ Ըստ Ղուկասյանի՝ հայտարարությունը ուղիղ մեսիջ էր Բաքվին։
«Դե հա ու ասել էի... Ո՞նց թե գերի չունես։ Սկսվեց իրենց մանիպուլյացիոն, բառախաղերով, տողատակերով, իրենց ոճի մեջ «կռուտիտ» անել, որ դա 7-8 րոպեանոց վիդեո էր, կրճատել են, ինքը խնդրել է չնկարել, բայց իր ասելով «այդ սրիկա դաշնակցականները» նկարեցին, մոնտաժեցին։ Եթե գիտի, որ նման բան է ասելու, որ հրապարակվելու է ու թեմա դառնա, ինչո՞ւ է խոսել։ Ասում է՝ «կուտը տվեց՝ խոսացի»։ Ես էլ ասացի՝ էնպես չէ, որ երեկվա հավն ես, որ հեշտ կուտը կերար։ Ասում է՝ ինձ ինչո՞ւ ես հավ ասում։ Բայց դա ինքը ասեց։ Ասում է կուտը մենակ հավին չեն տալիս, տներում, որ աղանձով դնում են՝ դա էլ է կուտ»։
Ըստ Ղուկասյանի՝ Սիմոնյանը ներողություն է խնդրել, որոշ ծնողներ գուցե ընդունել կամ չեն ընդունել։ Ինքը հարգում է մյուսների կարծիքը, բայց անձամբ ինքը չի ներում ԱԺ նախագահին։
«Ես ասացի, Աստված չանի՝ քո արտահայտության հետևանքով երեխուս մազը ծռվի։ Ասացի՝ էդ ժամանակ քո հետ ուրիշ ձև կխոսեմ։ Դա ասել եմ իրեն, իր ջահել-ջուհուլ ախռաննիկների կողքը, որ ամբողջ զալը լցրել էր։ Անգամ շշով ջրերը չէին դրել սեղանին, որ մարդ ես՝ շիշ շպրտելը մոդա է։ Ջուր ես ուզում, գալիս են ախրաննիկները՝ սարքել էշվեյցար, մատուցող, ջուրը իրենք են լցնում։ Ասում եմ՝ մենք կլցնենք, ասում են, չէ՝ չի կարելի։ Էս ի՞նչ եք սարքել»։
Ղուկասյանը նշեց, որ հարազատների հետագա գործողությունների մասին ոչինչ չի կարող ասել՝ խորը հիասթափություն է ապրում։
«Մարդիկ խոսում են, բայց երբ հարցը գալիս է կոնկրետ գործողություններին, տեսնում ես այն մարդիկ են, ովքեր միշտ եղել են՝ 30-40 հոգին։ Մենք չենք կարող դրանով արդյունքի հասնել։ Մեզ ասում են, ինչ գործ ունեն դաշնակցականները կամ «Հայաստան» դաշինքի անդամները ձեր կողքը, ես ասում եմ, որ ես քաղաքականության մեջ չեմ, այսօր իմ պայքարը իմ երեխան է, ամենաթանկ աթոռից էլ թանկ է իմ երեխան։ Թե ծնողներից եմ հիասթափվում, թե իմ ազգից։ Հայրենիքս սիրում եմ, բայց չեմ ուզում, որ իմ ազգը արհամարհվի, նսեմացվի»,- ասաց նա ։