10/12/2021 09:57
«Հրապարակ». Ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երևան ժամանած դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երևան ժամանելուն պես նրանք ուղևորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով, քանի որ հասկանում է, որ դա կհանգեցնի հակառուսական մեծ ալիքի։ Սրանով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը։ Միայն նրա ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի հետ հանդիպում, մեր տեղեկություններով, չի եղել։ Երեկ Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն ուղևորվել է Գյումրի՝ ռուսական 102-րդ ռազմաբազա, իսկ այսօր, ըստ ամենայնի, կմեկնեն Հայաստանից»։