10/12/2021 17:47
2022 թվականի բյուջեն ընդգծված հակասոցիալական բնույթի բյուջե է. Թադևոս Ավետիսյան
2022 թվականի բյուջեն ընդգծված հակասոցիալական բնույթի բյուջե է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանի կողմից ընդունված 2022 թվականի բյուջեի նախագծին։
«Խոստումներով եկան իշխանության, նախընտրական ծրագիրը դարձավ կառավարության ծրագիր։ Բայց այն լուրջ հակասության մեջ է այն բյուջեի հետ, որ բերել են հաջորդ տարվա համար։ Միակ խոստումն այն է, մյուս տարի չենք անում, բայց հետո կանենք։ Սա բացառապես անտրամաբանական բացատրություն է, որովհետև իրենք ոչ թե մտածում են առաջանցիկ սոցիալական խնդիրներ լուծելու մասին, այլ շարունակում իրենց պոպուլիզմն ու մանիպուլյացիան»,- ասաց տնտեսագետ պատգամավորը։
Նա վստահություն հայտնեց, որ գալիք տարվա բյուջեով նախատեսված եկամուտների և ծախսերի աճը հատուկ է այնպիսի ուղղությունների վրա դրվել, որտեղ, իշխանությունը հաստատ գիտի, աճ չի գրանցվելու։
«Որովհետև տնտեսությունը 7 տոկոս չի աճելու և հետևաբար եկամուտներն էլ չեն աճելու, դրա համար այն ուղղությունների վրա են դրել, որտեղ մշտապես ունեն թերակատարում։ Դրանք, մեծ հաշվով, անհասցե ուղղություններ են։ Իրականում սա բարձրացված թոշակ չէ, որ չվճարեն, մարդիկ ասեն՝ «բա ինչո՞ւ մեր թոշակը չեք վճարում»։ Սա հատուկ ծրագրված մոտեցում է, դասական մանիպուլյացիա, երբ խաբում, գալիս են իշխանության, հետո էլ իրենց խաբածը փորձում են մարսել»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Իրավիճակը, խորհրդարանականի խոսքով, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հանրության մեծ մասը չի հասկացել իշխանության մանիպուլյացիաները։
«Սա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն հասկացել, որ գործ ունենք ստախոս ապիկարների հետ։ Դա իր էության մեջ հենց ընտրակաշառք է։ Ի՞նչ տարբերություն՝ մարդուն խաբես, կաշառես և քվե գողանաս, թե սուտ խոստումներով քվե գողանաս և հետո նույն հանրությանը խաբես», - եզրափակեց պատգամավորը։