10/12/2021 11:31
Պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 60 կողմ, 26 դեմ ձայն:
Սահմանված դեպքում ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին 3 ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատակցի աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Սահմանվել են նաև բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:
Տվյալ պաշտոնները կամ ընտրովի պաշտոններ են, կամ Սահմանադրության ուժով են ընտրվում և վերադասություն չունեն։