11/12/2021 11:00
Բանակում մահվան դեպքերի աճը պայմանավորված է կարգապահության սուր խնդիրներով, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են ներքաղաքական բնույթի աշխատանքներով. Աբրահամյան
Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակից, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակից:
«Պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։
Կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին խոսելուց դեռևս ձեռնպահ կմնամ», - գրել է պատգամավորը:
Նա նշել է, թե այս ու նմանատիպ առաջնահերթ խնդիրներին կարգավորում ակնկալել չենք կարող, որովհետև «իշխանության ղեկին կանգնածները նախ նման կամք չունեն, իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով:
«Առավելապես ներքաղաքական բնույթի. նման խնդիրներ լուծելու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին», - ընդգծել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.): Եվս երկու զինծառայող վիրավոր է: