11/12/2021 15:14
Մեր սպառողը կրկնակի է տուժում, քանի որ գնաճն ամենուր է․ ինքնըստինքյան աղքատության շեմն է բարձրանում․ Չիլինգարյան
«Առանձին ապրանքների 20-50 տոկոս գնաճ կա, որն ավելի մտահոգիչ է, քան պաշտոնապես հայտարարված 9,5 տոկոս գնաճը, որովհետև ապրանքներ կան, որոնք տարին մեկ են գնում, բայց ապրանք կա, որն ամենօրյա օգտագործման համար է, և դա ավելի շատ է հարվածում մեր, առավել ևս՝ անապահով խավի գրպանին»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Կենտրոնի մշտադիտարկումները, նրա խոսքով, ցույց են տալիս, որ միայն կաթնամթերքը օգոստոսից մինչև նոյեմբեր թանկացել է 10 տոկոսով։
«Դա անընդունելի է և նոնսենս: Չենք կարող ասել՝ ձմեռ է, կաթի նվազում կա և այլն. այսպես է ամառվանից: Շաքարավազը ևս 3 ամսվա ընթացքում թանկացել է 5-10 տոկոսով, նույնը՝ ձեթը: Բացի այդ, որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, օգտվելով առիթից, խորամանկություն են անում»,- նշեց Չիլինգարյանը:
«Սպառողների խորհրդատվական կենտրոնի» նախագահն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ թանկացմանը զուգահեռ՝ իջնում է նաև կաթնամթերքի, օրինակ՝ թթվասերի քաշը։
«Մի քանի տարի առաջ 500 գրամ էր և արժեր 400 դրամ, հիմա դարձավ 450 դրամ, ու միաժամանակ իջեցրեցին քաշը: Սպառողը ուշադրություն չի դարձնում, որ 400 գրամ է արդեն, և ավելի շատ գնաճ է ստացվում»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Չիլինգարյանն անդրադարձավ նաև գնաճի այլ պատճառների, ընդգծեց նաև, որ նկատելի գնաճին զուգահեռ՝ մարդկանց եկամուտներն անփոփոխ են մնում․ չեն բարձրանում, ինչը մեծացնում է սոցիալական բեռը։
«Վերջին ժամանակներում Իրանից եկող ապրանքների հետ կապված խնդիրներ կան, որովհետև մեքենաները խոչընդոտի են հանդիպում: Շրջանցիկ ճանապարհների անցանելիության խնդիրը կա: Այդ ամենն ազդում է, ուղղակի մեր սպառողը կրկնակի տուժում է, քանի որ գնաճ ամեն տեղ կա: Այլ երկրներում սուբսիդավորում կա, թոշակն է բարձրանում և այլն: Եթե սպառողական զամբյուղն արդեն 70 000 դրամ է, իսկ թոշակառուն ստանում է 30 000-40 000 դրամ, արդեն զգացվում է, թե ինչքան մեծ ճեղք կա: Նվազագույն աշխատավարձն էլ 68 000 է: Այսինքն, ինքնըստինքյան աղքատության շեմն է բարձրանում»,- նշեց Կարեն Չիլինգարյանը