13/12/2021 21:10
«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան
Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին: Գիտաժողովի բացումը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
Զեկույցներով հանդես կգան 42 մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:
Ցանկացողները գիտական նստաշրջանի աշխատանքին կարող են հետևել հետևյալ հղմամբ՝
https://meet.asnet.am/b/ah3-pjf-j7p: