13/12/2021 20:43
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձել է աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել 89 կգ քաշային ծանրորդները:
Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Կարապետյանը գլխավերևում պահել է 167 կգ, այնուհետ` 172 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 175 կգ:
Հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Կարապետյանը բոլոր մոտեցումներում էլ չի կարողացել բարձրացնել 196 կգ-ը. նա վնասվածք է ստացել:
Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում կմրցի Դավիթ Հովհաննիսյանը A խմբում՝ Հակոբ Մկրտչյանը:
Դեկտեմբերի 15-ին 102 կգ քաշում A խմբում՝ Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը:
Դեկտեմբերի 16-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:
Դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: