13/12/2021 22:00
35 հազար դրամ նպաստ ստացողի համար խնդիր է, երբ մեկ տարվա մեջ ձեթի գինը 500 դրամով թանկանում է, և սա կառավարության անելիքն է. Թադևոս Ավետիսյան
Եթե կան գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, դա մի բան է, բայց եթե հնարավոր էր զսպել այն, մեկ այլ բան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Գնաճը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման, այսինքն՝ աշխատավարձերի կամ նպաստների գնողությանկությունն է նվազում։ Գները բարձրանում են, եկամուտների գնողունակությունը՝ նվազում, և սա աղքատություն ծնող, կյանքի որակը վատացնող ուղղակի և անմիջական գործոն է։
Այսինքն՝ մարդկանց իրական եկամուտները, երբ նվազում են, սա բերում է չափավոր աղքատների աղքատացման, աղքատների ծայրահեղ աղքատացման և նույնիսկ միջին եկամուտներ ունեցողների կյանքի որակի նվազման»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում միջին սպառողական գների ինդեքսն արդեն 7.1 տոկոս է, և շարունակաբար աճում է, մյուս կողմից սննդամթերքի շուկայում առկա է 20 տոկոսին մոտեցող գնաճ, իսկ միջին աշխատավարձն աճել է մոտ 6 տոկոս։
«Այս ամենին, եթե ավելացնենք, որ կենսաթոշակները չեն բարձրացել, անապահովության նպաստների չափերը չեն աճել, ամեն ինչ պարզ է դառնում։ Մարդկանց համար սա սոցիալական բարդ խնդիրներ է առաջացնում, և որքան էլ փորձեն բացատրել, մանիպուլացնել և խոստումներ տալ, որ հիմա չկարողացան, հաջորդ տարի կկառավարեն գնաճը, դա ակնհայտ սուտ է։ Որովհետև հաջորդ տարվա պետբյուջեում ևս բավականին բարձր միջին գնաճի թիրախ է ներկայացված, ավելի բարձր, քան այս տարվա համար էր դրված։ Եթե 4-4.5 տոկոս թիրախի պայմաններում ունեցանք 7-7.5 տոկոս իրական գնաճ, հաջորդ համար ավելի բարձր թիրախ են սահմանել»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Տնտեսագետ պատգամավորը հարց հնչեցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունը գնաճի պայմաններում, երբ նա է տնտեսության կայուն զարգացման և ներդրումների թիվ մեկ պատասխանատուն։
«Կառավարությունը պատասխանատու է նաև սոցիալական խնդիրների համար, իսկ գնաճից ամենաշատը սոցիալական անապահով խավերն են տուժում։ 35 հազար դրամ ընտանեկան նպաստ ստացողի համար լուրջ խնդիր է, երբ մեկ տարվա մեջ ձեթի գինը 500 դրամով թանկանում է, և սա կառավարության անելիքն է։ Կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի բարձրացնել սոցիալական վճարները։ Դա նվեր չէ, որ տալիս են քաղաքացիներին, այլ ընդամենն իրականացնում են եկամուտների վերաբաշխում»,- ասաց պատգամավորը։