13/12/2021 15:36
Թուրքիան փորձում է Չինաստանից Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն իր տարածքով անցկացնել
Թուրքիան ջանում է Չինաստանից Ռուսաստանի (Սիբիր) տարածքով դեպի Եվրոպա իրականացվող տարեկան 5 000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով, այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։
Նա, մասնավորապես, նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային Մետաքսի ճանապարհով անցնում են Չինաստան, կարևոր դեր են խաղում միջազգային առևտրում։
«Աշխատում ենք, որպեսզի հյուսիսային գիծ անունով հայտնի՝ Չինաստանից Ռուսաստանով դեպի Եվրոպա իրականացվող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնենք Թուրքիայի տարածքով», - ասել է Քարաիսմաիլօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալը՝ 2024 թվականի վերջին այն հասցնելով 3 միլիոն ուղևորի և 20 միլիոն տոննա բեռնափոխադրման։