13/12/2021 20:50
Նպատակահարմար է պետական բյուջեի որոշ ծախսեր կրճատել, ինդեքսացիա անել՝ հատկապես խոցելի խավի ներկայացուցիչների համար. տնտեսագետը՝ գնաճի մասին
Ցածր եկամուտների ֆոնին շարունակվող գնաճը քիչ թե շատ հաղթահարելու համար նպատակահարմար է պետական բյուջեի որոշ ծախսեր կրճատել, ինդեքսացիա անել՝ հատկապես խոցելի խավի ներկայացուցիչների համար։ Խոսքը վերաբերում է մանավանդ թոշակառուներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։
«Սա սոցիալական խնդիր է, և չի կարելի այն սրել։ Քանի որ գնաճ ունենք, այս հարցը պետք է լրջորեն դրվի։ Պետք է հաշվի առնել, որ թոշակների բարձրացումը ոչ միայն սոցիալական խնդիր է լուծում, այլև ստեղծում է լրացուցիչ պահանջարկ, տեղի է ունենում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության որոշակի խթանում։ Խթանելով պահանջակը՝ խթանում ես արտադրությունը։ Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները հիմնականում Հայաստանում են արտադրվում, այսինքն՝ խրախուսվում է նաև ներքին արտադրողը»,- ասաց տնտեսագետը։
Հարցին՝ըստ իրեն՝ ինչի՞ է հետևանք է շարունանական գնաճը, Աշոտ Թավադյանը պատասխանեց՝ կա այն, ինչ կա։
«Իմիջիայլոց, գնաճը հաստատված է պետական բյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածով, որ գնաճը պետք է լինի 2.5-ից մինչև 5.5 տոկոս։ Եթե այդ միջակայքից դուրս է գալիս, ապա ստացվոմ է, որ պետբյուջեի այդ կետը կառավարության կողմից չի կատարվել։ Իհարկե, կառավարությունը պետք է ձգտի կատարել այդ կետը, իսկ եթե չի կատարում, ինդեքսացիայի խնդիրն առավել առաջնահերթ է դառնում»,- ասաց տնտեսագետը։
Նշենք, որ եկամուտների ինդեքսացիան եկամուտների կորստի փոխհատուցումն է, երբ ամբողջապես կամ մասնակիորեն փոխհատուցվում են այս կամ այն պրոցեսից կրած վնասները: Ինդեքսացիան ինֆլյացիայի պայմաններում բնակչության եկամուտների որոշակի բարձրացումն է՝ գրանցված գնաճին համապատասխան: