14/12/2021 12:16
Հայաստանը շարունակում է գտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ. նորմա՞լ է գցվել այն պետության գիրկը, որն ուզում է ոչնչացնել ձեզ. Արծվիկ Մինասյան
Պատմությունը ցույց է տվել՝ երբ մարդիկ արհամարհում են ժողովրդի ցանկությունը, նպատակը, ազգին բերում են կործանման եզրին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Շատ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից, իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ, այս վտանգավոր միտումը տանելու է մեր պետականության վերջնական կործանման», - ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ կամ իշխանությունը չի գիտակցում, կամ էլ հատուկ է անում, որ Հայաստանն անընդհատ հայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում։
Անդրադառնալով թեմային, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի՝ Մինասյանն ասաց, թե սա Հայաստանի ազգային նպատակներին չի ծառայելու։
Հարցին՝ Դաշնակցությունը դե՞մ է, որ Հայաստանն ու Թուրքիան փորձեն բարիդրացիական հարաբերություններ կառուցել, Մինասյանն արձագանքեց. «Եթե խոսքը գնում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին, մենք բացմիցս ենք ասել՝ այո, բայց երբ ասում եք բարիդրացիություն, ո՞ւմ հետ բարիդրացիություն, մի պետության, որն ուզում է ոչնչացնել քեզ, դրա հետ ի՞նչ բարիդրացիություն»։
Պատգամավորի խոսքով՝ այսօրվա իշխանությունը վախենում է տալ Արցախ անունը, վախենում են գնալ Արցախ։
«Վախենում են ասել, որ ադրբեջանական իշխանությունները ոտնձգություն են ձեռնարկել Արցախի ինքիշխանության նկատմամբ», - ասաց նա։
«Դուք նորմա՞լ եք համարում, որ ելնել ու գցվել այն պետության գիրկը, ոտքերը, որոնք ուզում են ոչնչացնել ձեզ», - նշեց Արծվիկ Մինասյանը։
Նա հայտարարեց, թե շարունակելու են պայքարը, բայց որքանով կհաջողվի, կախված է յուրաքանչյուր հայից. եթե նրանք միավորվեն համազգային պայքարին, արդյունքն ավելի շուտ կլինի։
«Մենք շարունակում ենք գտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ ու այսօրվա թույլ վիճակում մենք ի վիճակի չենք լինելու նույնիսկ ռազմավարական մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ մեր ազգային շահերը չոտնահարվեն։ Մենք դեռևս չունենք արտաքին անվտանգութան պատշաճ համակարգ, ոչ էլ ներքին դիմադրության կայուն հիմք՝ ի դեմս բանակի վերափոխման, ի դեմս ներքին պառակտումների վերացման, միասնականությունը չկա այսօր ու դա, առաջին հերթին, շնորհիվ այս իշխանության», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։