14/12/2021 15:55
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մերժելու դեպքում կդառնանք և՛ Անկարայի, և՛ Մոսկվայի հարձակումների թիրախը. Հակոբ Չաքրյան
Մասնակից դառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Հայաստանը Մոսկվայի և Անկարայի հակազդեցությունից խուսափելու համար, պարզապես, չի մերժում նրանց։ Մերժելու դեպքում մենք կդառնանք և՛ Անկարայի, և՛ Մոսկվայի հարձակումների թիրախը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
Նա միաժամանակ շեշտեց՝ չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացը շատ արագ կմեկնարկի։
«Կարծում եմ՝ այդ մեկնարկը կարող է բավականին ուշանալ։ Եթե Թուրքիան պնդի «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը, մեկնարկը կարող է ընդհանրապես չկայանալ։ Նիկոլ Փաշինյանը, կարծեմ, ասում էր, որ միջանցք չի լինելու։ Հասարակությունը ևս դեմ է «միջանցքին», և սա, կարծում եմ, մասնակի կփակի Թուրքիայի ախորժակը», - ասաց մեր զրուցակիցը։
Հակոբ Չաքրյանի խոսքով՝ հայկական և և թուրքական կողմերից հատուկ ներկայացուցիչներ նշանակելը դեռ ընդամենը խոսակցություններ են, կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։
«Հատուկ ներկայացուցիչները դեռևս փոխադարձ տրամադրությունները շոշափելու, նկրտումներին տեղյակ լինելու համար են։ Չեմ կարծում, որ առարկայական գործընթացի պետք է սպասել»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ թուրքական մամուլում ևս հնարավոր նոր գործընթացի մասին վերլուծություններ չկան, քանի որ այդ երկրում գլխավորապես զբաղված են տնտեսական-ֆինանսական խնդիրներով, թուրքական լիրայի՝ օրվա ընթացքում մի քանի անգամ դոլարի նկատմամբ արժեզրկման հարցերով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի՝ այսօր տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: