14/12/2021 10:46
Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ է մահացել
Դեկտեմբերի 13-ին կատարվել է 313 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 104 վարակակիր:
Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28119 քաղաքացու հետազոտություն, որից 4538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 1 մահ. 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին», - նշված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։