14/12/2021 19:47
«Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի բաց, ինչպես «Լաչինի միջանցքն» է և չունենա մաքսակետեր․ Ալիև
«Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի «Լաչինի միջանցքի» նման, իսկ եթե Երևանը պնդի, որ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր տեղադրվեն, ապա Բաքուն նմանատիպ պայմաններ առաջ կքաշի՝ «Լաչինի միջանցքի» շահագործման հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
««Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին կետը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրով։ Այսպիսով, դա Հայաստանի պարտավորությունն է»,- ասել է Ալիևը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է շահագործվի նույն պայմաններով, ինչ «Լաչինի միջանցքը»։
«Եռակողմ համաձայնագրերում բաց ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է «Լաչինի միջանցք» մուտքն ու միջանցքի անվտանգությունը։ Հայաստանը պետք է մեզ համար նույնպիսի անխոչընդոտ մուտք ապահովի «Զանգեզուրի միջանցք»։ Այսօրվա դրությամբ «Լաչինի միջանցքում» մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե Հայաստանը պնդի «Զանգեզուրի միջանցքով» բեռների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկող մաքսակետեր տեղադրելու մասին, ապա մենք կպնդենք «Լաչինի միջանցքում» համարժեք պայմանների մասին։ Դա տրամաբանական է»,- ասել է Ալիևը։