14/12/2021 16:28
«Առանց նախապայմանների» թեզը թվացյալ է, որովհետև Թուրքիան դեռևս մի շարք նախապայմաններ է առաջ քաշելու, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը. Արթուր Ղազարյան
Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» վերնագրել, որովհետև սա դեռևս 2008 թվականից կամ դրանից էլ առաջ սկսած գործընթաց է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Մենք պետք է հասկանանք՝ այն ժամանակ կարգավորման գործընթացն ինչո՞ւ տեղում դոփեց, գնդակն ո՞ւմ դաշտում կանգ առավ և այլն։ Նույն Թուրքիան անձամբ կասեցրեց Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, որովհետև իր փոքր եղբոր հարցը չէր կարգավորվում։
Եթե այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվում, փաստորեն, նշանակում է, որ Ադրբեջանի հարցը կարգավորել են, Հայաստանը պատերազմում պարտվել է, որից հետո իրենք պատրաստակամ են առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները»,- ասաց Արթուր Ղազարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ միանշանակ է, որ ստեղծված իրավիճակում շահեկան դիրքերում Թուրքիան է և ոչ թե Հայաստանը։
«Երբ Թուրքիան առաջ է քաշում «առանց նախապայամնների» թեզը, մենք էլ կրկնում ենք, ստացվում է, որ մոռանում ենք Հայոց ցեղասպանության հարցը։ Սա նշանակում է, որ այն դո՞ւրս է գալիս ՀՀ արտաքին օրակարգից։ Այսօր առկա իրավիճակն ինչո՞ւ է Թուրքիային ձեռնտու. որովհետև Արցախյան պատերազմում աջակցելով Ադրբեջանին՝ նրանք հաղթանակ են կորզել, գրավել Արցախի 75 տոկոս տարածքները։ Այսքանից հետո Հայաստանից նրանց ակնկալիքը ո՞րն է. այն, որ Հայաստանն առանց նախապայմանի, այսպես ասած, վազելով գա բանակցություններին ընդառաջ»,- նշեց Արթուր Ղազարյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ «առանց նախապայմանների» թեզը թվացյալ է, որովհետև Թուրքիան դեռևս մի շարք նախապայմաններ է առաջ քաշելու՝ այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
««Միջանցքի» հարց՝ իրենց պատկերացմամբ։ Ամբողջ խնդիրը սրանում է, և այս ամենը մեզ խաղաղություն չի բերում։ Ամենացավալին դա է»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի՝ այսօր տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ հայկական կողմը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: