14/12/2021 13:01
Հայաստանում իրավունքի ոտնահարման ցցուն օրինակներ են եղել, բայց միջազգային կառույցները լուռ են. Միհրան Պողոսյան
Միհրան Պողոսյանը, որը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբանն է, հիասթափված է միջազգային կառույցների արձագանքներից։
«Հայաստանի Հանրապետությունում ակնհայտորեն իրավունքի ոտնահարման, իրավունքի անտեսմասն ցցուն օրինակներ են եղել ու միջազգային կառույցներն այդ առումով լուռ են», - «Աշոտ Մինասյանի ազատության պահանջով» ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։
Այնուամենայնիվ, Աշոտ Մինասյանի գործով որևէ դուռ չեն փակելու։
«Բոլոր գործողությունները կատարելու ենք», - նշեց նա։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են Հայաստանում գործող դեսպանատներ դիմումներ ներկայացնել, նա ասաց, թե Աշոտ Մինասյանի ազատության հարցն այս պահին միջազգային հանրությանը հետաքրքրող հարց չէ՝ հաշվի առնելով, թե այս պահին ինչ է կատարվում Հայաստանի շուրջ։
Փաստաբանի խոսքով՝ արձագանք սպասում են ՀՀ գլխավոր դատախազությունից, որ, վերջիվերջո, պետք է իրավական գործողություններ իրականացվեն. եթե նույնիսկ հանցագործություն տեղի է ունեցել, քննությունը պետք է լինի Քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով։
Հիշեցնենք՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին։ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Աշոտ Մինասյանը պատրաստ է իր ազատությունը ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։