14/12/2021 20:19
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում», - նշել է նա։
Այսօր Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի «Լաչինի միջանցքի» նման, իսկ եթե Երևանը պնդի, որ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր տեղադրվեն, ապա Բաքուն նմանատիպ պայմաններ առաջ կքաշի՝ «Լաչինի միջանցքի» շահագործման հարցում։