14/12/2021 16:52
Այս պահի դրությամբ հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ
Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:
«Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա» , - ասաց նա։
ԿԲ նախագահի խոսքով՝ դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պահանջարկի ու առաջարկի կողմից։
«Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատում ենք դրամի արժեզրկում, եթե պահանջարկը քիչ՝ արժևորում: Կարծում եմ, որ դա բնականոն գործընթաց է։ Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա» , - ասաց Գալստյանը։
Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, ԿԲ նախագահն ասաց, որ դրանք միշտ կարող են տեղի ունենալ։
«Սակայն նկատում ենք մի իրավիճակ, որ մեր հասարակությունը, ինչպես նաև շատ այլ հասարակություններ, շատ ավելի տոլերանտ է տատանումների նկատմամբ։ Եթե սրանից 5-6 կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ինչքալ էլ ԿԲ-ն ասեր, որ դա բնականոն է։ Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ այդ տատանումը՝ արժեզրկումը կամ արժևորումը, մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի բերում» , - նշեց Գալստյանը։