14/12/2021 21:20
2024թ. նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սենա գետի վրա
Փարիզում 2024թ. նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սենա գետի վրա և ափերին:
«Միջոցառումը օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենադիտարժան և հասանելի բացման արարողությունը կլինի, բաց` բոլորի համար, բաց` ձեր առջև»,-նշված է կազմկոմիտեի ուղերձում։
Մարզահանդեսի մեկնարկը կտրվի հուլիսի 26-ին։ Բացման արարողությունն առաջին անգամ կանցկացվի ոչ թե մարզադաշտում, այլ գետի ափին, հենց գետի վրա։ Նախատեսվում է կազմակերպել 160 նավակների շքերթ, որոնք կտեղափոխեն մասնակից երկրների պատվիրակություններին:
Շքերթի երթուղու երկարությունը վեց կմ է: Գետի ափերին կտեղադրվեն հսկայական 80 հեռուստաէկրաններ:
Արարողությանը, որը կտևի ավելի քան երեք ժամ, ներկա կլինեն շուրջ 600 հազար հանդիսականներ: Նրանք միջոցառմանը կհետևեն կամուրջների վրայից և գետի ափերից։ Ափամերձ ստորին գոտիներում կտեղադրվեն ժամանակավոր տրիբունաներ:
33-րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Փարիզը խաղերն ընդունելու է երրորդ անգամ. 1900թ., 1924թ. և մեկ դար հետո՝ 2024թ. :