15/12/2021 10:02
«Հրապարակ». Լիպարիտյանն առաջարկել է՝ զիջենք, լուծում գտնենք
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։
Սահմանազատումից առաջ Փաշինյանին պետք է նախ իր թիմին նախապատրաստել, քանի որ այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նա մտահոգ է՝ ՔՊ-ականների մեջ էլ հայրենասեր մարդիկ կլինեն և կխոչընդոտեն իր ծրագրերին։ Լիպարիտյանը փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ մենք՝ հայերս, այն էլ՝ պարտությունից հետո, չենք կարող որևէ դեր ստանձնել, պահանջներ դնել, մեր գոյատևման միակ պայմանն ընդառաջելն է թուրք-ադրբեջանական տանդեմին և հարաբերություններ հաստատելը։
Ասել է, որ հիմա կարևոր է պահպանել Լեռնային Ղարաբաղը` տարածքային իմաստով, իսկ կարգավիճակի հարց բարձրացնելը ճիշտ չէ։ Պետք է զիջենք թուրք-ադրբեջանական պահանջին և ճանապարհի ու միջանցքի արանքում մի լուծում գտնենք, բայց թե ինչ` չի մանրամասնել։ Նա պատմական էքսկուրս է արել՝ համոզելով, որ հողերի հանձնումն անխուսափելի էր, քանի որ դեռ 90-ականներից միջազգային հանրությունն այն դիտարկում էր որպես օկուպացված: Հարցրել են՝ ինչո՞ւ հաղթած դիրքերից առաջին նախագահը չլուծեց հարցը, պատասխանել է՝ թիմակիցները թույլ չտվեցին՝ ակնարկելով Վազգեն Սարգսյանին։
Ասել է նաև, որ այսօր մենք, ըստ էության, չունենք արտաքին քաղաքականություն։ Հանդիպմանը ներկա է եղել 20-25 պատգամավոր: Շեշտեցին, որ նրա մոտեցումներն իշխող խմբակցությունում այնքան էլ չեն ողջունում»։