15/12/2021 18:10
Նարեկ Մանթաշյանը երկու ամսով կալանավորվեց․ փաստաբանը համոզված է՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, կիրառվում են ռեպրեսիաներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։
Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։
Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն որակում է քաղաքական հետապնդում։
«Դատարանի գնահատականը ուռճացված եմ համարում։ Պնդում եմ իմ տեսակետը՝ գործ ունեինք պրոֆեսիոնալ իրավաբանի հետ, բայց, ցավոք, այդ իրավաբանը չունեցավ անհրաժեշտ կամք, կեցվածք, որպեսզի մերժեր այս խայտառակությունը, այս անբարոյական միջնորդությունը»,- լրագրողների հետ զրույցում դատարանի վճռի վերաբերյալ ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա ընդգծեց՝ գործընթացն իրավական չէ, ակնհայտ քաղաքական է։
«Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական մոտիվներով Նարեկ Մանթաշյանը ձերբակալվեց, կալանավորվեց, բայց պետք է պատվերն իջեցնողներին հուսախաբ անեմ․ դրանով ո՛չ Նարեկ Մանթաշյանը, ո՛չ նրա ընկերները, ո՛չ նրա ընտանիքը չեն կոտրվել, հասկանում են, որ պայքար է, պայքարը ենթադրում է նաև կալանավորումներ, ռեպրեսիաներ»,- ասաց Կոչուբաևը։