15/12/2021 20:30
Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում․ ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի հանձնակատար
ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակի վատթարացման վերաբերյալ:
«Թուրքիայում երբեմն նույնիսկ COVID-19 վարակի տարածման համար հաճախ մեղադրում են հայերին և հրեաներին», -«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզը:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Թուրքիայում գլուխ բարձրացնում հակասեմիտիզմը, հատկապես՝ համաճարակի պայմաններում: Հայերը նույնպես նույն մեղադրանքներն են ստանում, նրանց մեղադրում են COVID-19 վարակի համար։
Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վերաբերյալ արտահերթ հայտարարության մեջ Հանձնաժողովն ընդգծել է, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումներն իրականացվում են եթե ոչ Թուրքիայի իշխանությունների ուղղակի մասնակցությամբ, ապա առնվազն նրանց չեզոք վերաբերմունքի պատճառով: Ավելին, իշխանությունները Թուրքիայում անպատիժ են թողնում կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործությունները»,- նշել է նա:
Մեկնաբանելով զեկույցը՝ Փերքինզն ընդգծել է․ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակի վատթարացման համար առաջին հերթին պատասխանատու են երկրի իշխանությունները:
«Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանոցը: Սրանք ահաբեկման ձևեր են, երբ ոչնչացվում են կրոնական և մշակութային կարևոր նշանակության վայրեր»,- ասել է Թոնի Փերքինզը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում:
«Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է թշնամանքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում ավելի ուժգնանում»,- փաստել է Փերքինզը։
Իր արտահերթ զեկույցում ԱՄՆ-ի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս Թուրքիային հատուկ ցուցակում ընդգրկել, քանի որ այդ երկրի իշխանությունները հանդուրժում են կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ կոպտագույն խախտումներ: