16/12/2021 14:41
Միջազգային իրավական ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով՝ պետք է ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չի հրապարակում Ադրբեջանում պահվող գերիների թիվը։
«Թիվ չհրապարակեմ, որովհետև գործընթացը բավականին զգայուն բնույթ է կրում ու ցանկացած հրապարակում կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ հակառակորդ կողմի դիրքորոոշման վրա», - Ազգային ժողովում հայտարարեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գերիների հարցով մի քանի պրոցես կա. գործընթացներով, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի վարքագիծը շատ կանխատեսելի է. հակասում է ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումներին։
«Ադրբեջանը հետևողականորեն խախտում է ժամկետները, հետևողականորեն տրամադրում է քիչ տեղեկատվություն, ամեն դեպքում, կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ունենք լրացուցիչ որոշում», - մանրամասնեց Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ընդգծեց՝ միջազգային իրավական ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով՝ պետք է ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա։
«Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, տեսանելի որոշակի ազդեցություն ունեցավ», - հավելեց Կիրակոսյանը։