16/12/2021 17:30
Սա կազմակերպված էր քաղաքական կեղծ ընդդիմության կողմից՝ իշխանության հրամանով․ Նարեկ Սամսոնյանն՝ իր ձերբակալության մասին
«Դատարանը, ինչպես հաճախ լինում է, ոչ թե բավարարվեց միայն եզրափակիչ մասն ընթերցելով, այլև պատճառաբանական ամբողջ մասն ընթերցեց, այսինքն՝ ես ծանոթ եմ որոշման ամբողջ բովանդակությանը, ոչ միայն եզրափակիչ մասին»,- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանն անդրադարձավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ ողջունում է դատարանի որոշումը, որով Նարեկ Սամսոնյանի ձերրբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։
«Սա արդարադատության դրսևորում էր»,- ասաց Մելիքյանը։
Իր ձերբակալությանն անդրադարձավ նաև Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ այն ակնհայտ քաղաքական հետապնդում էր։
«Այստեղ կար սադրանք, երկրի դավաճանական իշխանությունների կողմից հրաման էր տրվել քաղաքական կեղծ ընդդիմության ղեկավարին։ Ոստիկանությունն ինձ ակնհայտ ապօրինի ձևով բերման ենթարկեց, քննիչի մոտ ինձ ձերբակալելու որոշումն արդեն պատրաստ էր։ Այսինքն՝ սա կազմակերպված էր քաղաքական կեղծ ընդդիմության կողմից»,- ասաց Սամսոնյանը։
Նա ընդգծեց, որ իրեն անազատության մեջ պահելու կոնկրետ նպատակադրում կար։ Իշխանության հրահանգով կատարված ապօրինությունների մասին Սամսոնյանը խոստացավ ավելի մանրամասն խոսել առաջիկայում։