16/12/2021 16:00
Ստեփան Գալստյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ստեփան Գալստյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.
Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդել էր Ստեփան Գալստյանին ձերբակալելու մասին։ Նա ձերբակալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: