16/12/2021 18:10
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալակիր է
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 109 կգ քաշային կարգի մրցապայքարը։
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։ Մարտիրոսյանն առաջին փորձից գլխավերևում պահեց 188 կիլոգրամանոց ծանրաձողը, երկրորդ և երրորդ փորձերի ժամանակ չկարողացավ բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։
Վարժության հաղթող ճանաչվեց Տոկիոյի Օլիմպիական Խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաևը՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդն Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռուսլան Նուրուդինովն է, որը բարձրացրեց 185 կգ։
Հրում վարժությունում ևս Ջուրաևը գրավեց առաջին տեղը՝ բարձրացնելով 238 կգ և հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Հրում վարժության երկրորդ արդյունքը ցույց տվեց վերջինիս հայրենակից Ռևսլան Նուրուդինովը, որը բարձրացրեց 236 կգ և երկամարտի 421 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը և բարձրացրեց 228 կգ՝ երկամարտում դառնալով բրոնզե մեդալակիր։ Մարտիրոսյանը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։