16/12/2021 13:42
Երևանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակը կնշանավորվի համերգով
Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը կնշանավորվի համերգով։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: 1996 թ. Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտասեր հանրության շրջանում՝ ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ, և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ): Երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։
2016 թ., երգչախմբի հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ, իբրև գնահատանք երգչախմբային արվեստի մեջ ունեցած մեծ ներդրման ու 20-ամյա վաստակի՝ կոլեկտիվը ստացավ պետական պարգևներ ու պատվոգրեր և բազում շնորհավորանքներ հանրաճանաչ համաշխարհային փառատոններից։ Կոլեկտիվը 16 ձայնասկավառակ է ձայնագրել։