16/12/2021 16:11
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համար լրացուցիչ 8 մլրդ դրամ կհատկացվի
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին և երկրորդ միջոցառումների և «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով սահմանված վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին» որոշումներով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Ընդհանուր առմամբ առաջարկվում է վերոնշյալ միջոցառումներին լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 հազ. դրամ, որից՝ 6,925,574.6 հազ. դրամը հարկային եկամուտներից, 1089,929.8 հազ. դրամը՝ վերաբաշխման միջոցով:
Մասնավորապես՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունն իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թվականի պետական բյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է Միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպես՝ ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 1087, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թվականին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 6.5 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվում է մինչև դեկտեմբերի 1-ը միջոցառմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 2,141,419.0 հազ. դրամի չափով: Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի գծով բյուջեով հաստատված 550.635,8 մլն դրամ սուբսիդավորման գումարից բացի անհրաժեշտ է լրացուցիչ հատկացնել 434.482 մլն դրամ:
Ծրագրի գծով 2020 թ. լիզինգը տրամադրվել է 14% տոկոսադրույքով, շուրջ 5 մլրդ դրամի չափով, որն ամբողջությամբ պետք է սուբսիդավորվի։ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի գծով ներկայումս տրամադրվել է 11,102.7 մլն դրամի չափով վարկ, որից 10 մլրդ դրամը 14 տոկոսադրույքով, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետբյուջեից: Ծրագրի շրջանակում 1068,52 հա մակերեսով ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրված 13,730,437.3 հազ. դրամ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու նպատակով ծրագրի մեկնարկից տրամադրվել է 889,102.9 հազ. դրամ։