17/12/2021 17:30
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Վարազդատ Լալայանը արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ են
Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
+109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ ապահովեցին: Լալայանը երկամարտի արդյունքով 457 արդյունքով նվաճեց Աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Մինասյանը 448 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը, չկարողացավ մեդալ նվաճել՝ 4-րդ արդյունքը ցույց տալով:
Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 202 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ շատ վստահ բարձրացրեց նաև 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 211 կգ ծանրաձողը:
Մինասյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ վստահորեն բարձրացրեց 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողեց՝ չկարողանալով գլխավերևում պահել 213 կգ ծանրաձողը:
Այս վարժությունում փոքր ոսկե մեդալը նվաճեց վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն, որը 225 կգ արդյունքով համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց:
Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը, ձախողելով առաջին մոտեցման 240 կգ-ն, երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 242 կգ ծանրաձողը: Իսկ երրորդ մոտեցմամբ Լալայանը հրեց 246 կգ ծանրաձողը՝ ապահովելով արծաթե մեդալ:
Գոռ Մինասյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 240, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ համար պատվիրեց 253 կգ, սակայն Մինասյանը այն չկարողացավ բարձրացնել և շրջանցելով Վարազդատ Լալայանին՝ բավարարվեց բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն՝ հրում վարժությունում ևս համաշխարհային ռեկորդ սահմանելով՝ բարձրացնելով 267 կգ ծանրաձողը: