18/12/2021 14:47
10 տարի բանակցել եմ մի սկզբունքի հիման վրա. ոչ թե ինչ ենք տալու, այլ՝ ինչ ենք ստանալու. ՀՀ 3-րդ նախագահ (Տեսանյութ)
Արցախյան երրորդ պատերազմի, դրա հանգամանքների և հետևանքների մասին խոսելիս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը մշտապես կողմնակից է եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հայերի և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակում:
«Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես 10 տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ինչ ենք մենք տալու, այլ ինչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար», - ՀՀԿ 17-րդ համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ասաց՝ դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը ապրիլյան պատերազմում և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ պատրաստ էր ստիպել թշնամուն` մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: