18/12/2021 15:06
Վստահ եմ՝ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես. ՀՀԿ նախագահ (Տեսանյութ)
Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին, «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե դեռ պետք է պարզենք՝ այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:
Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կար արդյոք դավաճանություն:
Այո՛, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ ու հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։