18/12/2021 16:21
Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության․ ՀՀ երրորդ նախագահ
Խաղաղասեր է ձևանում մեկը, ով խաղաղության համար կռիվ չի տվել, չգիտի դրա գինը: Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին, ՀՀԿ 17-րդ համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իշխանության ազդարարած «խաղաղության դարաշրջանի» օրակարգի մասին։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ թշնամու հավակնությունները մեծ են, իսկ Հայաստանի իշխանությունը մուրացողի դերում է։
«Թշնամին սուրը դրել է մեր վզին, հաղթանակից արբած՝ հիմա էլ ամբողջ Հայաստանն է ուզում, իսկ սրանք ծնկաչոք խաղաղություն են մուրում մեր զավակների դահիճներից, որ այս պահին էլ իրենց բանտերում խոշտանգում ու սպանում են հայ գերիներին` թքած ունենալով միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության բոլոր նորմերի վրա», - ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, որ հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:
«Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս: «Հանրապետականը», ինչպես իր գործունեության ամբողջ ընթացքում, երբ երկիրը վտանգի մեջ էր, առաջին շարքերում էր և այսօր էլ նույն տեղում է` դառնալով ներքին ու արտաքին թշնամու հիմնական թիրախներիից մեկը», - ասաց Սերժ Սարգսյանը։