20/12/2021 16:00
Հայ-թուրքական երկխոսության գործընթացում, հավանաբար, հիմնական հարցերն արդեն կանխորոշված են, և մեր ներկայացուցիչը ձևական սիմվոլ է լինելու. Քաղաքագետ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմից փորձառու դիվանագետի, իսկ հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանի նշանակումը համադրելի չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Իմ կարծիքով, դա վկայում է այն մասին, որ այդ երկխոսության գործընթացում կամ հիմնական հարցերն արդեն կանխորոշված են, և մեր ներկայացուցիչը ձևական սիմվոլ է լինելու, կամ իրականում բուն բանակցողը լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը», - ասաց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ հայկական կողմից նշանակված բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցանկացած՝ նույնիսկ ամենափոքր հարցով ճշտումներ կատարելու է Նիկոլ Փաշինյանից՝ սրանով իսկ դառնալով Հայաստանի կողմից ձևական ներկայացուցիչ։
«Նշանակումը սա է ցույց տալիս։ Այսինքն՝ թուրքական կողմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմը բարդ բանակցություններ չի ակնկալում», - նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր՝ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Քըլըչը կադրային դիվանագետ է։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1984 թվականից։
Նա 2008-2010 թվականներին եղել է Լիբանանում, 2012-2014 թվականներին՝ Ճապոնիայում, իսկ 2014-2021 թվականներին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Բացի այդ, 2012-2014 թվականներին Քըլըչը զբաղեցրել է նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։