20/12/2021 18:00
Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապագայում կարող է ազդել Վրաստանի տնտեսության վրա. Ջոնի Մելիքյան
Այսօր հայ-վրացական հարաբերությունները գործընկերային-բարիդրացիական են, բայց կա միտում և պատրաստակամություն՝ հարաբերությունները նոր որակի հասցնելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վրացի գործընկերոջ հետ այսօր կայացած հանդիպմանը։
«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի համավարակը և տարածաշրջանային մի շարք փոփոխություններ՝ դժվար է խոսել հայ-վրացական հարաբերությունների մասին։ Սակայն շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետի այցին զուգահեռ՝ անցկացվելու է նաև միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Կարելի է ասել՝ դրանով ինստիտուցիոնալ ձևով ամփոփվում է հայ-վրացական հարաբերությունների տարին։ Կարծում եմ՝ հանձնաժողովի նիստի ընթացքում կլինեն նոր առաջարկներ»,- ասաց վրացագետը։
Մելիքյանը հիշեցրեց՝ արդեն իսկ հայտարարվել է, որ երկկողմ առևտրի տարեկան ծավալները պետք է հասցնել 1 մլրդ դոլարի։
«Սա քիչ չէ, բայց շատ էլ չէ, և բավական մեծ աշխատանքի կարիք կա այս ցանկությունն իրականություն դարձնելու։ Հայաստանի և Վրաստանի համար կարևոր է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի. ի վերջո, կողմերի տնտեսությունների, համատեղ ծրագրերի համար դա շատ կարևոր է։
Իհարկե, այսօր գոյություն ունեցող գործընթացները մի կողմից նոր հնարավորություններ են տալիս, բայց, մյուս կոմից, Վրաստանի համար նոր մարտահրավերներ են առաջ քաշում։ Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ապագայում կարող է ազդել Վրաստանի տնտեսության վրա, քանի որ երկար տարիներ տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոյից Վրաստանն օգուտ էր քաղում»,- ասաց վրացագետը՝ հավելելով, որ նոր մարտահրավերները հաղթահարելու համար այդ երկիրը պետք է արտաքին քաղաքական և տնտեսական ակտիվություն ցուցաբերի։
Եզրափակելով՝ Ջոնի Մելքյանը նկատեց, որ այսօր առկա են հնարավորություններ, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր մշակեն։