21/12/2021 18:59
«Թոնիր կառուցում են այնտեղ, որտեղ ապրում են և ապրելու են»․ Արցախի Աղավնո գյուղում հացի արտադրամաս է բացվել
«Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի և UMCOR բարեգործական հիմնադրամի ջանքերով Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բացվել է հացի արտադրամաս, որը կապահովի 10-12 աշխատատեղ, կբարելավի գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը:
Նախկինում Աղավնոյի բնակիչները հաց էին գնում մոտակա քաղաքներից, իսկ հիմա ինքնուրույն կարող են բավարարել ոչ միայն ամբողջ Աղավնոյի, այլև հարակից գյուղերի հացի պահանջարկը։
«Genesis Armenia»-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ հացի արտադրամասը հիմնադրամի միակ նախաձեռնությունը չի լինելու Աղավնոյում։
«Ամեն բան անելու ենք՝ պատերազմից հետո Արիավան դարձած Աղավնոյի բնակիչներին սեփական գյուղում պահելու՝ այդպիսով Արցախի դարպասը՝ Աղավնոն փրկելու համար»,- ասել է Գասպարյանը:
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը վստահեցրել է՝ ինչ գնով էլ լինի, Աղավնոն շենացնելու են:
«Եղել են օրեր, երբ կարծել ենք՝ մենակ ենք, բայց իսկապես մենակ չենք և չենք էլ եղել․ «Genesis Armenia»-ի ջանքերը Աղավնոյի համար դրա ապացույցն են։ Ազնիվ, հայրենասեր հայերի համախմբումը չի կարող արդյունք չտալ: Արցախի դարպասը՝ Աղավնոն, ամուր կլինի, եթե պայմաններ ստեղծվեն բնականոն կյանքի համար: Ես ունեմ հինգ զավակ, ի՞նչ պատասխան պիտի տամ նրանց, եթե թողնեմ տունս ու հեռանամ։ Ես գաղթելու տեղ չունեմ, մինչև վերջ պիտի կանգնած մնամ Աղավնոյում»,- ասել է գյուղապետը:
Մինչև վերջ Աղավնոյում մնալու պատրաստակամություն ու կամք գյուղում բոլորն ունեն․ բնակիչներն ասում են՝ մեր տունն ու՞մ թողնենք, մեզ, մեր երեխաներին Աղավնոյից դուրս տուն պետք չէ:
Աղավնոյում «Genesis Armenia»-ի ներկայացուցիչները պտղատու ծառեր են տնկել, խոստացել են ավելի հաճախ լինել այնտեղ։