21/12/2021 16:40
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կոմիտեի նախագահի՝ մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Կլինի մի օր հայտ, թե չի լինի, վաղը կլինի, թե մեկ տարուց, չեմ կարող ասել»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե որևէ ավիաընկերություն դիմում է թուրքական ավիացիոն իշխանություններին դեպի Ստամբուլ թռիչքներ իրականացնելու թույլտվության հարցով, ապա անպայման պետք է դիմի նաև ՀՀ քաղավիացիայի կոմիտեին։
Ներկայացնելով գործող ընթացակարգը՝ Լիլիթ Աղաբեկյանը նշեց, որ, նախևառաջ, որևէ ավիաըներություն պետք է հայտ ներկայացնի իրենց, այնուհետև համապատասխան գործընթացներ սկսվեն. հայտը պետք է անցնի Քաղավիացիայի բոլոր վարչություններով, որոնք, յուրաքանչյուրն իր մասով, պետք է ստուգումներ իրականացնի։ Վերջում կամ թռիչքներ իրականացնելու թույլտվություն կտրվի, կամ չի տրվի։
«Երևան-Ստամբուլ վերջին չվերթը տեղի է ունեցել 2015 թվականին։ Չվերթերն իրականացրել է թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը, սակայն սնանկանալու պատճառով դադարեցրել է թռիչքները։ Դրանից հետո մենք ո՛չ կանոնավոր, ո՛չ չարտերային չվերթեր չենք ունեցել ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից»,- ասաց Լիլիթ Աղաբեկյանը։
«FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր՝ Երևան- Ստամբուլ- Երևան չարտերային թռիչքներ իրականացնելու թույլատվության համար իրենք դիմել են Թուրքիայի ավիացիոն իշխանություններին։