21/12/2021 09:51
«Հրապարակ». Վիկտոր Սողոմոնյանը արտագաղթել է Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տևական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա և, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը:
Սողոմոնյանը վերջին տարիներին դասավանդում էր МГИМО-ում` պարբերաբար մեկնում էր Մոսկվա և վերադառնում, հիմա և՛ դասավանդում է, և՛ զուգահեռ գործունեություն է ծավալում ֆիլմարտադրության ոլորտում, գիրք է գրում, ասացին՝ համագործակցում է նաև մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որի վաղեմի ընկերն է: Համագործակցում է նաև Russia Today-ի հետ, որի խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է։ Զավակներն էլ սեպտեմբերից Մոսկվայում են դպրոց հաճախում։ Սողոմոնյանի փոխարեն Քոչարյանի գրասենյակի ղեկավարի գործառույթներն իրականացնում է Բագրատ Միկոյանը։
Մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց` չի արտագաղթել, պարզապես ավելի հաճախ ու երկար է լինում Մոսկվայում։ Ապա մանրամասնեց. «Ընտրություններից հետո մեկնեցի, որովհետև ազատ ժամանակ առաջացավ։ Հետաձգված գործեր կային, կարծես թե մեծ մասն արել եմ։ Շարունակում եմ դասավանդել МГИМО-ում, դասախոսություններիս նյութերով գիրքն եմ ավարտել, որը կհրապարակվի արդեն գարնանը, Մոսկվայում։ Russia Today-ի հետ եմ համագործակցությունս խորացրել և ընդլայնել»։ Հաստատեց նաև կինոինդուստրիայով զբաղվելու տեղեկությունը՝ նշելով, որ կինոդիտողների համար գալիք տարում անակնկալ ունի պատրաստած։ Վերջում հավելեց, որ մոտ օրերս գալու է` Ամանորը դիմավորելու է Երևանում»։