21/12/2021 17:42
Կաբինետներից շատ հեշտ է խոսել. երբ կգտնվեն այն պայմաններում, որոնցում զինվորն է, որը չի հասկանում՝ պետությունը պատրա՞ստ է իրեն վերադարձնելու գերությունից, թե՞ ոչ, այդ ժամանակ թող խոսեն. իրավապաշտպան
Շատ արատավոր պրակտիկա է մեղավորներին փնտրել և գտնել շարքայինների, առաջին գծում կանգնած մարդկանց մեջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությանը, որ «Մարդը պիտի գա, ասի՝ ինչ ձևով է գերեվարվել, որպեսզի գերի ընկնելը չդառնա մեր մոտ «խասյաթ»»։
«Խնդիրը շատ ավելի խորքային է և պետք է լայն ասպեկտով դիտարկել։ Սահմանին կանգնած, իսկ հետո գերեվարված քաղաքացին ամենավերջին մարդը պետք է լինի, որին կարող է գերեվարման մասին հարց տրվել։ Դրան պետք է նախորդեն պաշտոնատար անձանց, սպայական կազմին տրված հարցերն ու պատասխանները՝ ինչ իրավիճակ է եղել և այլն»,- նշեց իրավապաշտպանը։
Նինա Կարապետյանցը շեշտեց՝ ինքը կողմնակից է, որ գերիների գործերը քննվեն, սակայն կտրականապես դեմ է, որ գործընթացը կազմակերպվի բացառապես գերեվարված զինծառայողների ներգրավմամբ, որովհետև դա առնվազն մարդկայնորեն ազնիվ չէ։
«Կաբինետներից շատ հեշտ է խոսել։ Երբ կգտնվես սահմանին, այն պայմաններում, որոնցում գտնվում է զինծառայողը, որը չի հասկանում՝ ո՞ր հրամանը կատարի, ո՞րը չկատարի, իր թիկունքում պետություն կա՞, թե՞ չկա, պետությունը պատրա՞ստ է իրեն վերադարձնելու գերությունից, թե՞ ոչ, ստանալո՞ւ է բավարար չափով փամփուշտներ կամ ինքնագործունեության արդյունքում հակառակորդի վրա կրակելուց հետո իրեն պատասխանատվության կենթարկե՞ն, թե՞ ոչ, այդ ժամանակ թող խոսեն»,- նշեց իրավապաշտպանը։