21/12/2021 09:46
«Փաստ». Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Թերթը տեղեկություն ունի, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։
Նախնական տեղեկության համաձայն, նոր հանդիպումը լինելու է ընդլայնված կազմով. պետությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև եռակողմ հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները։
Չնայած հանդիպման հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական ակնարկ չկա, սակայն չի բացառվում, որ դրա մասին հայտարարվի հանդիպումից ընդամենը մեկ-երկու օր առաջ՝ ավելորդ շահարկումներից ու հարցադրումներից խուսափելու համար, առավել ևս, որ բոլոր դետալները դեռևս ճշգրտված չեն։