21/12/2021 11:50
2022-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի. Թադևոս Ավետիսյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Շարունակվող սուտ խոստումներ, լավ ապրելու մարող հույս» վերտառությամբ հոդված է ներկայացրել։
«Ստորև բերված աղյուսակներից արձանագրենք մի քանի փաստեր (2021թ․-ի տվյալները բերված են այս պահի պաշտոնական վերջին հրապարակումներից)․
1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։
2․ 2018թ․-ի, ինչպես նաև 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի պակաս տեմպերով, քան համապատասխանաբար արձանագրված սպառողական գները։ Այլ կերպ ասած՝ 2018թ․-ից հետո աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։
3․ 2018թ․-ից հետո սոցիալական նպաստի բազային և միջին չափերը չեն ավելացել, իսկ սպառողական գներն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել են 15,5 տոկոսով։
4․ 2018թ․-ի համեմատ նվազագույն կենսաթոշակի չափն աճել է 3,9 տոկոսով՝ շուրջ չորս անգամ պակաս, քան սպառողական գների գումարային աճը։ Հիմնական կենսաթոշակի չափն աճել է 3 տոկոսային կետով պակաս՝ սպառողական գների գումարային աճից։
5․ 2021թ․-ին չեն ավելացել, 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Սակայն միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7 տոկոսից ավել աճ, իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսում է մինչև 5,5 տոկոս աճ։
6․ Շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելանալու նաև հաջորդ տարի։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակները կավելանան առաջին անհրաժեշտության ապրանքների կանխատեսվող գնաճի համեմատ պատիկներ անգամ պակաս չափերով՝ ընդամենը 2-3 հազար դրամով։
Այս փաստերն ակնհայտ վկայում են․
- 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները,
- ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվելու են 2022թ․-ին,
- 2022թ․-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։ Փոխարենը՝ օրվա իշխանությունները հերթական անգամ տվեցին ականջահաճո, սակայն օր-օրի բացահայտվող կեղծ խոստումներ»,-նշված է հոդվածում։