22/12/2021 14:03
30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին սեփական կոմֆորտի մասին մտածել. Հայկ Մարության (Տեսանյութ)
Մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Պատկերացնում եք, մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, բյուտեային ծախսերը փակելու համար։ Արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության «պրիստիժի» համար։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, դա «պրիստիժ» չի, հակառակը, սա «մովետոն» է, սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ՝ տարակուսանք և քմծիծաղ», - ասաց քաղաքապետը:
Մարությանը նշեց, թե 2019 թվականին վաճառքի է հանել քաղաքապետին կցված «S» դասի «Մերսեդես» մեքենան, գումարը մուտք է արել քաղաքապետարան:
«Այս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսսան» եմ վարում, ընդ որում՝ առանց վարորդի, թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա։ Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս, և սա հերոսություն չի։ Սա, ինչպես ասում են, լավ չի, սա նորմալ ա։ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել, սեփական կոմֆորտի մասին մտածել։ Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արժեքներից», - հայտարարեց քաղաքապետը։
Նա ասաց, թե պատճառները շատ են, որ իր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապն այդքան կարճ տևեց։
Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում քաղաքապետ Հայկ Մարությանին։