22/12/2021 19:20
Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունն աջակցություն է ստացել հայկական կողմից․ Օվերչուկ
Ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կոչված է ընդլայնելու երկու երկրների մարզերի միջև կապերը, ամրապնդելու բիզնես–շփումները, հիմնելու համատեղ արտադրություններ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին Երևանում հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկու երկրների մարզերի միջև կապերի ընդլայնման, գործարար շփումների ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության աշխուժացման, մեկ հարթակում այդ աշխատանքների համախմբման նպատակով ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ», – հայտարարել է նա։
Օվերչուկի խոսքով` այս նախաձեռնությունն աջակցություն է ստացել հայկական կողմից և արձանագրվել միջկառավարական հանձնաժողովի նիստի ամփոփիչ արձանագրության մեջ։
«Մեր երկիրը շահագրգռված է համատեղ առևտուրն ու ներդրումներն ավելի ակտիվ զարգացնելու հարցում։ Ռուսական բիզնեսը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության զարգացման առումով», – նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով` առևտրատնտեսական համագործակցության աշխուժացման նպատակով մինչև 2025 թվականը Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական համագործակցությանն ուղղված միջկառավարական ծրագրի նախագիծ է նախապատրաստվել։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` այն կստորագրվի մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ։