22/12/2021 17:40
Հանրությունը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ այն, ինչը ստեղծվել է, հավերժ չէ, և պետությունն իրավունք ունի վերամիավորելու կառույցներն՝ ըստ իր քաղաքական առաջնահերթությունների․ Խզմալյան
Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորելով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ գործել ենք մեր իրավասությունների շրջանակում, հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ ինքը կատարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պարտականությունները, աղմուկով, բողոքի ակցիաներով հնարավոր չի լինելու կանխել «լիազոր մարմնի գործառույթների տրամաբանությունն ու լիազոր մարմնին վերապահված որոշումների կայացումը»:
«Սա անթույլատրելի բան եմ համարում: Եթե մենք կառավարման իրավասություն չունենք, և եթե մենք հաշվի ենք նստելու յուրաքանչյուր արտիստի, յուրաքանչյուր ռեժիսորի, թատերասերի տեսակետի հետ, եկեք չկոչվենք լիազոր մարմին և դառնանք պարզապես պետական միջոցները բաշխող կառույց: Համարում եմ, որ մենք գործել ենք մեր իրավասությունների շրջանակում»,- ասել է Խզմալյանը:
Նա վստահեցրել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվը աշխատանք գտնի, իսկ թատրոնների միավորումը համարել է «օպտիմալացում կոչվածի լավագույն օրինակ»։
ԿԳՄՍՆ տեղակալն ասել է նաև, որ բոլոր թատրոնների ներկայացուցիչների հետ փորձում են հասկանալ, թե յուրաքանչյուրն ինչի պակաս ունի, ինչպես կարող են միավորման արդյունքում լրացնել այդ պակասը:
«Շուրջ 10 կոլեկտիվ, որոնց մեջ գերազանցապես երաժշտական կոլեկտիվներն են, այսօր փողոցում են և անթույլատրելի էր, որ լավագույն կոլեկտիվներից մեկը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը միջազգային համագործակցության լավագույն արդյունքներն ունի, մնա դրսում: Որպես լիազոր մարմին՝ միանգամայն ճիշտ ենք վարվել՝ միավորելով երկու կառույցները և տարածքը հատկացնելով մեկ այլ կառույցի: Սա պետք է լինի բնական բան, և հանրությունը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ այն, ինչը ստեղծվել է, հավերժ չէ, և պետությունն իրավունք ունի վերակազմակերպելու, վերամիավորելու կառույցներն ըստ իր քաղաքական առաջնահերթությունների»,-ասել է Արա Խզմալյանը:
Հիշեցնենք՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ միավորումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։