22/12/2021 21:25
«Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում»․ Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ:
«Մենք հանդիպել ենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ... ԵՄ-ն առաջարկել է 2,3 միլիարդ եվրո ծավալով տարածաշրջանային տնտեսական և ներդրումային ծրագիր, որը կօգնի ներգրավել մինչև 17 միլիարդ եվրոյի ներդրումներ:
Սովորական դիվանագիտական ձևականություններից ավելի բաց քննարկումը հաստատեց, որ մեր արևելյան գործընկերներն անկեղծորեն ձգտում են ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության և ինտեգրման, և ԵՄ-ն պատրաստ է որոշակի կերպ արձագանքել՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր դերը որպես տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական դերակատար:
Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում էր անցկացրել երկու առաջնորդների հետ:
Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։