23/12/2021 17:50
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունից` որպես երկրորդ մակարդակի կապիտալի գործիք
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ:
Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակներում: Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք»,- նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան: