23/12/2021 10:39
Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Նիկոլ Փաշինյանի առաջարկած փակ հանդիպումը
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն
«Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում և խեղաթյուրվում են հենց վերջինիս կողմից։
Այս ժամանակահատվածում, իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ, առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք:
Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նման ձևաչափով հանդիպման վերաբերյալ նախկինում արդեն իսկ տարածվել է հայտարարություն:
Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը», - ասված է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունում: