23/12/2021 11:18
2022-ի հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ 50 000 դրամի չափով (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Ընտանիքում երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու կարգը հաստատելու մասին կառավարության որոշումը:
Նա նշեց, որ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 հազար դրամ մինչև երեխայի վեց տարեկան լրանալը:
«Որոշման դրույթները տարածվելու են այն դրույթների վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ», - ասաց նախարարը:
Մկրտչյանի խոսքով՝ երկվորյակ կամ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստն ու կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար:
«Նախատեսվում է իրականացնել արդյունավետության գնահատում 2025 թվականին ծրագրի 3 տարվա արդյունքների մասով ու ժողովրդագրական վիճակի բարելավման բավարար արդյունք արձանագրելու դեպքում աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ ու ամրագրվել օրենքում՝ ապահովելով սոցիալական երաշխիք երկարաժամկետ հատվածում», - մանրամասնեց սոցապնախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս աջակցության վճարումը չի ազդում երխայի ծննդյան միանվագ վճարման վրա, չի ազդում նաև մինչև երկու տարեկան խնամքի նպաստի վրա:
«Բայց այս վճարումն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա. Եթե ընտանիքը փարոս համակարգում ընդգրկվել է ու հանկարծ այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում, ազդում է, այսինքն՝ մարդը փարոսից զրկվում է», - ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, ոև ծրագիրն արդյունավետ կլինի ու 2025 թվականին նորից կանդրադառնան ծրագրին: